Ազգային Սնապարծություն և Ազգային Արժանապատվություն (Մաս 1)

sevak2

Կարծում եմ, որ իմ ելույթով ունկնդիրներից շատերին պիտի հիասթափեցնեմ, որովհետև նրանք երևի սպասում են, թե ես ի՛նչ և ինչպե՞ս պիտի պատասխանեմ ինձ հասցեագրված այն ամբողջ քննադատությանը,որ բացահայտ ու կիսածածուկ հնչում է ահա ավելի քան վեց ամիս մամուլի էջերից և որ պակաս չեղավ նաև այս օրերին:

Ես նման մտադրություն չունեմ, բայց հարկ եմ համարում ավելացնելու, որ նման մտադրության բացակայությունը բնավ էլ չի ենթադրում պատասխանելիքի  բացակայություն:

Ես երևի ունկնդիրներին պիտի հիասթափեցնեմ կրկնակի,եթե ասեմ, որ խոսելու եմ մեկ արմատական hարցի մասին, որ ունի երկու բուն`ազգային սնապարծություն և ազգային արժանապատվություն, որոնք առերևույթ կարծես կապ չունեն գրականության հետ, բայց ըստ էության գրականության ծնողներն  են:

Սնապարծությո՞ւնը…

Թույլ տվեք հիշեցնեմ մի շատ իմաստուն խոսք.<<Ազգը չի կարող կործանվել այլ կերպ,բացի ինքնասպանությունից>>:Այս խոսքի իրավացիությունը (աշխարհիս բոլոր ազգերից ավելի) հաստատում է մեր ազգը իր ահռելի պատմությամբ:Նույնիսկ 1915-ի ազգասպանության աննախադեպ փաստը եկավ նույնը հաստատելու: 1915-21 թվականներին կարծես երկինք ու գետին խոսքը  մեկ էին արել կործանելու մեր անմեղ-մեղավոր ազգը:Բայց չկարողացան,որովհետև չուզեցինք:

Իսկ ինքնասպանությո՞ւնը…

Ազգային ինքնասպանության զանազան ձևեր կան, և դրանց մեջ ամենադյուրինը,ըստ իս,իմ ասած սնապարծությունն է, որ նման է տաք ջրով լեցուն լողարանի մեջ սեփական երակը կտրելուն:Այն սնապարծույթունը,որի հակառակ երեսը (թույլ տվեք երկու օտար բառ  օգտագործել) արխայինություն-դինջությունն է :

Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք,ապա շնորհիվ լոկ այն բանի,որ քամիները թռցրել են մեր գլխարկը,բայց ոչ գլուխը:Սնամեջ ու հավակնոտ,պոռոտ ու պռատ գլուխգովանությունը,քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս`առաջացնում են մի քամի  (ո՛չ,այս անգամ հողմ),որ այլևս գլխարկ չի թռցնում,այլ գլուխ:

Մեր նոր պատմագրության առաջին մեծը`Միքայել Չամչյանը,իր եռահատոր <<Հայոց պատմությամբ>> ահագին գործ է արել մեր ժողովրդի արթնացման և զարթոնքի հեռավոր տարիներին,-մեծ մեղք կլինի այս մոռանալը:Բայց Չամչյանի պատմական սկզբունքը հետևայլն էր.քանի որ Նոյան տապանն իջել է Արարատի գագաթին,ուրեմն Հաայաստանն է արդի մարդկության օրրանը:Քանի որ (ըստ նույն ՍՈՒՐԲ գրոց վկայության)Ադամ-Եվայի երբեմնի դրախտը գտնվում էր Տիգրիս ու Եփրատ գետերի միջև,ուրեմն Հայաստանն է <<Երկիր դրախտավայրը>>,քանի որ…

Այս <<քանի որ>>-ների համար կարելի է և պետք է ներել հայր Չամչյանին, բայց պետք է թշնամաբա՛ր նայել բոլոր նրանց,ովքեր այսօր էլ դատում են մոտավորապես նույն ձևվ.<<Մենք որ կայինք,Այսինչ ժողովուրդը դեռ միսն աղել չգիտեր…>>: <<Մենք որ Պլատոն էինք թարգմանում`նրանք ապրում էին ծառերի վրա…>>: <<Իսկ հապա մեր Այսինչը,մեր Այնինչը,մեր էսը,մեր էնը…>>:

Ահռելին այն է,որ այսպես դատողների մեծամասնությունը բնավ չգիտի ո՛չ մեր Այսինչը, ո՛չ Այնինչը, ո՛չ Էսը, ո՛չ Էնը.նա պարզապես կրկնում է անուններ:Իսկ ամոթալին  էլ այն է,որ նա ոչ միայն չգիտի,այլ նաև եթե նրան ասես,թե մեր մոտավոր ու հեռավոր հարևաններն էլ ունեցել են այդ ամենը կամ այդ ամենից շատ ավելին,չի հավատա կամ քեզ կհամարի,ինչպես հիմա ասում են`<<շուռ տված հայ>>:

Հայրենասիրության այս տեսակը մի փափուկ բարձ է,որ լցված է ոչ թե աղվամազով,այլ քնաբեր հաշիշով, և դա այն ժամանակ, երբ մեր շուրջ գնում է մրցություն,եթե ոչ պայքար: Եվ դա ա՛յն ժամանակ, երբ ո՛չ Նոյան տապան,ո՛չ էլ Նարեկացի ունեցող,երեկվա իսկապես անգիր ու անգիրք ազգերը մեր աչքերի առջև ստեղծում են այնպիսի գրական երկեր,որ ունենում են համամիութենական (ու համաշխարհային) հնչեղություն և ստիպում մեզ`թարգմանել դրանք:Պլատոնին և Արիստոտելին 6-րդ դարում թարգմանած ազգի փուչ հայրենասերը չպիտի՞ մտածի նաև այս նորօրյա թարգմանությունների մասին:

Ահա ա՛յս հարցն է,որ պիտի մտահոգի և մտատանջի մեզ`հայ գրականության մշակներիս,և ա՛յս բարձունքից մենք նայենք մեր գրական բոլոր լուրջ և անլուրջ վեճերին:

Թե ավագ սերնդի գրողները(այսօր և հավիտենից հավիտյան)ամենայն անկեղծությամբ կարող են տարակուսանքով(նաև անկեղծ թշնամությամբ)նայել կրտսերների գրածին,-ավելի քան բնական է.ամեն մի սերունդ,ինչպես որ ամեն մի տուն,ունի իր առաստաղը:Բայց ինձ ապշեցնում է ավագ կոչվելուց շատ հեռու,նույիսկ երիտասարդ գրականագետների և գրականության պատմաբանների պահվածքն ու մտածելակերպը:Մասնագիտության բերումով նրանք շատ ավելի լրջորեն,շատ ավելի կապակցված պիտի գիտենան մեր գրականության պատմությունը:Մի՞թե տարօրինակ էր,որ գրաբարին հետևեց աշխարհաբարը,կլասիցիզմին`ռոմանտիզմը,ռոմանտիզմին`ռեալիզմը,ռեալիզմին`սիմվոլիզմը:

Թե՞ մեր հարգարժան գրականագետները կարծում են,որ գրականության զարգացումը,գրական հոսանքների դպրոցների գոյացման բնականոն երևույթը կանգ է առնում հենց մե՛զ վրա:Նրանք ոչ միայն տարօրինակ բան չեն տեսնում,այլև հատորներ են լցնում`ապացուցելու,որ գրականության զարգացումը պիտի Ալամդարյանից հետո ծներ Պատկանյանին,սրանից հետո`Թումանյանին,սրանից հետո`Տերյանին,սրանից հետո`Չարենցին: Իսկ հիմա՞: Աշխարհը վերջացա՞վ:Կյանքը կա՞նգ առավ:Այս անտեր բանաստեղծություն կոչվածը այլևս պիտի չունենա նոր մակարդակ,մտածողության նոր ձև,նոր որակ:

Սա այնքան պարզ մի հարց է,որ առաջանալ կարող է միայն այնտեղ,որտեղ գործում են երջանիկ անգիտությունը և ահռելի պահպանողականությունը,նախապաշարմունքն ավելի,քան աչալրջությունը,սովորույթի ուժն առավել,քան գիտակցությունը:

Ասում են,որ սովորույթը մարդուս երկրորդ բնությունն է:Բայց մեզնից շատ-շատերի համար դա երևի դարձել է պարզապես առաջին բնություն:Եթե մենք չենք կարող ավելի գործնական միջոցներով պայքարել այդ ահավոր ուժի դեմ,ապա եկեք գոնե հետևենք պայծառ Մարկ Տվենի խորհրդին.<<Սովորույթը սովորույթ է,նրան լուսամուտից դուրս չեն նետի,-ասում էր նա,-հարկավոր է սովորույթին քայլ առ քայլ հրապուրելով դուրս հանել տնից>>:

Եվ եթե մենք կարողանանք վարվել այսպես,ապա ոչ այսօր,գեթ վաղը կհասկանանք,որ թե՛ բանաստեղծության,թե՛ արձակի մեջ եկել,գործում է մի սերունդ,որի արածն ու վաղվա անելիքը ստիպված պիտի կոչես նոր հոսանք կամ նոր դպրոց:

Խնդրանքով կամ սպառնալիքով, կոչով կամ հայհոյանքովտպագրությունն արգելակելով կամ տպվածը վարկաբեկելով կարելի է, այո՛, նրանց միառժամանակ խանգարել,բայց կանխել`բնա՛վ երբեք:Այդ նույնն է, թե անձրևի դեմ պայքարես աղոթքով կամ խսիր-կարպետով,հոսանքի դեմ`ձեռքիդ ափով կամ ջղայնությամբ ու գոռոցով:

Ասում են,որ գրական հիշյալ սերունդը սերակալում է ոչ թե մայրենի,այլ օտար կաթի վրա:Նախ` սուտ է.եթե նկատի առնենք այս սերնդի լավագույն և արդեն հասուն ներկայացուցիչներին,մնացածը կա՛մ կվերադառնան իրենց հող ու ջրին,կա՛մ պարզապես հող ու ջուր կդառնան,այսինքն`չեն դառնա գրող:Բայց մի րոպե ընդունենք, որ դա իրոք էլ այդպես է:Իսկ ո՞վ ասաց,որ հայ երիտասարդ գրողը պիտի սովորի միայն <<Հացի խնդրից>> ու <<Հացավանից>>,բայց ոչ նաև Գոլսուորսիից ու Հեմինգուեյից,միայն Թումանյանից ու Տերյանից,բայց ոչ նաև Ներուդայից և Լորկայից:Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ:Այո՛:Բայց մի՞թե ավելի ենք հարուստ,քան Սահարան ավազով:Իսկ գիտե՞ք,որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ազավ են ծախ առնում Անգլիայից,և գիտե՞ք,թե ու՞մ համար:Սահարայի համար…ավազ`Սահարայի համար,որովհետև  անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում………..

Շարունակելի………

Աղբյուր`<<Գրականագիտություն

                          Քննադատություն>> 1974 թ.                                                                                                 Պարույր Սևակ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s